Անցնել հիմնական բովանդակությանը
OpenAI

25 ապրիլի, 2026 թ.

Գլոբալ գործեր

ԱԻ-ի ազդեցությամբ աշխատանքի փոփոխության մոդելավորում

Բեռնվում է…

Արհեստական բանականության (ԱԻ) և զբաղվածության մասին քննարկումները հիմնականում սկսվում են պարզ հարցից՝ ի՞նչ աշխատանքներ կարող է կատարել ԱԻ-ն։

Սա կարևոր հարց է, բայց բավարար չէ կանխատեսելու համար, թե ինչ է սպասվում աշխատողներին։ Տեխնոլոգիան կարող է կատարել որևէ մասնագիտության բազմաթիվ առաջադրանքներ՝ առանց վերացնելու բուն մասնագիտությունը։ Դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ։ Մարդու դերը կարող է անփոխարինելի մնալ, քանի որ հաճախորդները ցանկանում են շփվել մարդու հետ, կառույցները պահանջում են, որ մարդը պատասխանատվություն կրի, կամ աշխատանքը ենթադրում է ֆիզիկական ներկայություն և դատողություն։ Կամ ծախսերի նվազումը կարող է այնքան մեծացնել պահանջարկը, որ ոլորտում զբաղվածությունն աճի, այլ ոչ թե կրճատվի, նույնիսկ երբ ԱԻ-ն բարձրացնում է աշխատողների արտադրողականությունը։

OpenAI-ի՝ ԱԻ-ի ազդեցությամբ աշխատանքի փոփոխության վերլուծական շրջանակն առաջարկում է այս հնարավորությունները դիտարկելու նոր մոտեցում։ Ավտոմատացման տեխնիկական հնարավորությունն աշխատողների դուրսմղման կանխատեսում համարելու փոխարեն՝ այն առաջադրում է երեք հարց։

  • Կարո՞ղ է ԱԻ-ն կատարել տվյալ մասնագիտության առաջադրանքների զգալի մասը։

  • Մարդը շարունակո՞ւմ է առանցքային դեր ունենալ աշխատանքը կատարելու, վերահսկելու կամ դրա համար պատասխանատվություն կրելու հարցում։

  • Եթե ԱԻ-ն նվազեցնի ծառայության արժեքը, պահանջարկն այնքան կաճի՞, որ հավասարակշռի արտադրողականության աճը։

Կիրառվելով ԱՄՆ-ում շուրջ 148 միլիոն աշխատատեղ ընդգրկող 921 մասնագիտությունների նկատմամբ՝ այս շրջանակն աշխատաշուկայի փոփոխությունների ավելի բազմազան պատկեր է տալիս։ Աշխատատեղերի մոտ 18 տոկոսն ավտոմատացման համեմատաբար բարձր ռիսկի տակ է, 24 տոկոսը, հավանաբար, կվերակազմակերպվի, 12 տոկոսը կարող է աճել ԱԻ-ի շնորհիվ, իսկ 46 տոկոսի դեպքում մոտակա փոփոխություններն ավելի փոքր են։

Այս դասակարգումը չի կանխատեսում, թե աշխատատեղերի որ տոկոսը կվերանա։ Այն ցույց է տալիս, թե տարբեր տեսակի փոփոխություններն առաջին հերթին որտեղ կարող են ի հայտ գալ։

Աշխատանքի փոփոխության չորս ուղի

Ավտոմատացման ավելի բարձր ռիսկով աշխատանքներ․ այստեղ կարող են ներառվել տվյալների մուտքագրման օպերատորները, հեռախոսային վաճառքի մասնագետները, սրբագրիչները և հաշվապահական կամ վարչական որոշ պաշտոններ։ Այս աշխատանքների մեծ մասը ստանդարտացված տեղեկությունների մշակում, ստուգում կամ հաղորդում է․ առաջադրանքներ, որոնք ԱԻ-ն ավելի ու ավելի է կարողանում կատարել՝ առանց վերջնական ծառայությունը մատուցող մարդու անմիջական մասնակցության։ Այս գործունեության պահանջարկը կարող է բավարար չափով չաճել՝ հավասարակշռելու արտադրողականության ավելացումը։

Այս աշխատատեղերը պետք է ուշադիր մշտադիտարկել, հատկապես այնտեղ, որտեղ դրանք աշխարհագրորեն կենտրոնացած են, կամ աշխատողները հարակից պաշտոնների անցնելու քիչ հնարավորություններ ունեն։ Բայց նույնիսկ այստեղ տեխնիկական հնարավորությունն ինքնաբերաբար կամ անմիջապես չի հանգեցնում աշխատողների դուրսմղման։ Գործատուները դեռ պետք է վերաձևեն աշխատանքային գործընթացները, ԱԻ-ն ինտեգրեն գործող համակարգերին, կառավարեն սխալներն ու կարգավորման հետ կապված ռիսկերը և պարզեն՝ ավտոմատացումն իսկապե՞ս ավելի էժան է, քան մարդկանց աշխատանքը շարունակելը։

Աշխատանքներ, որոնք կվերակազմակերպվեն․ երկրորդ՝ ավելի մեծ խումբը, հավանաբար, կվերակազմակերպվի, այլ ոչ թե կվերանա։ Հավանական օրինակներ են իրավաբանները, հաշվապահները, ծրագրավորողները, ֆինանսական վերլուծաբաններն ու ուսուցիչները։ ԱԻ-ն արդեն կարող է կազմել պայմանագրերի նախագծեր, ամփոփել ապացույցներ, կատարել ֆինանսական վերլուծություն, գրել կոդ և ստեղծել ուսումնական նյութեր։ Բայց հաճախորդներին ու կառույցներին դեռ պետք են մարդիկ, որոնք կդատեն իրավիճակի մասին, պատասխանատվություն կկրեն որոշումների համար, կհասկանան ոչ սովորական դեպքերը և հարաբերություններ կկառուցեն գործընկերների, սովորողների կամ հաճախորդների հետ։

ԱԻ-ն կարող է յուրաքանչյուր իրավաբանի թույլ տալ ուսումնասիրել ավելի շատ փաստաթղթեր, ծրագրավորողին՝ գրել ավելի շատ կոդ, իսկ ուսուցչին՝ պատրաստել անհատական կարիքներին հարմարեցված ավելի շատ նյութեր։ Դա կարող է նվազեցնել որոշ գործողությունների համար պահանջվող աշխատանքի ծավալը, բայց այդ մասնագիտություններում մարդու դերը մնում է ակնհայտ։ Առանցքային է դառնում աշխատանքի վերակազմակերպումը՝ որ առաջադրանքներն են հանձնվում ԱԻ-ին, որոնք են մնում աշխատողներին, և արդյոք սկսնակների պաշտոններն ու կարիերայի ուղիները շարունակում են սովորելու հնարավորություններ տալ։

«Բոլոր 900-ից ավելի մասնագիտությունները (152 մլն աշխատատեղ)» վերնագրով գծապատկերը ցույց է տալիս աշխատատեղերի դասակարգումն ըստ ԱԻ-ի ազդեցության՝ չորս խմբով․ 46 տոկոսը մոտակա շրջանում քիչ կփոխվի, 12 տոկոսը կաճի ԱԻ-ի շնորհիվ, 24 տոկոսը կվերակազմակերպվի, իսկ 18 տոկոսն ավտոմատացման բարձր ռիսկի տակ է։

ԱԻ-ի շնորհիվ աճող աշխատատեղեր․ այստեղ ԱԻ-ն կարող է ծախսերն այնքան նվազեցնել, որ լրացուցիչ պահանջարկ ստեղծվի։  Օրինակներ են կրկնուսույցները, հոգեկան առողջության խորհրդատուները, անձնական ֆինանսական խորհրդատուները և առողջապահության որոշ մասնագետներ։ Այս ծառայություններն այսօր շատերի համար թանկ են կամ դժվար հասանելի։ Այս ոլորտներում արտադրողականության բարձրացումը պարտադիր չի նշանակում աշխատողների թվի նվազում։ Ավելի մատչելի կրկնուսուցումը կարող է ավելի շատ ընտանիքների մղել օգտվելու դրանից։ Ավելի էժան ֆինանսական խորհրդատվությունը կարող է անհատական ուղղորդումը հասանելի դարձնել այն ընտանիքներին, որոնք այսօր չեն կարող իրենց թույլ տալ խորհրդատու վարձել։ ԱԻ-ի աջակցությամբ բժիշկները կարող են ապահովել ավելի ծավալուն հետագա հսկողություն և շարունակական խնամք։ Եթե պահանջարկը բավարար չափով ընդլայնվի, ընդհանուր զբաղվածությունը կարող է աճել, նույնիսկ երբ յուրաքանչյուր աշխատողի արտադրողականությունը բարձրանում է։

Մոտակա շրջանում քիչ փոփոխվող աշխատանքներ․ այստեղ ներառվում են բազմաթիվ աշխատանքներ, որոնց հիմնական առաջադրանքները ֆիզիկական են և պետք է կատարվեն որոշակի վայրում․ օրինակ՝ էլեկտրիկների, սանտեխնիկների, տանիքագործների, շինարար բանվորների և հանրային սննդի բազմաթիվ աշխատողների աշխատանքը։ ԱԻ-ն կարող է օգնել ժամանակացույցերի, նախահաշիվների, ուսուցման, պաշարների կառավարման կամ հաճախորդների հետ հաղորդակցության հարցերում, բայց առայժմ չի կարող էլեկտրալարեր անցկացնել, խողովակ նորոգել, տանիք փոխել կամ ուտեստ պատրաստել ու մատուցել։

Այս մասնագիտություններն ԱԻ-ի ազդեցությունից զերծ չեն մնա։ Դրանց վարչական ու կառավարչական առաջադրանքները կարող են փոխվել, իսկ ռոբոտաշինության առաջընթացը հետագայում կարող է ընդլայնել ավտոմատացումը։ Սակայն առայժմ դրանց հիմնական աշխատանքը համեմատաբար քիչ է ենթակա լեզվի վրա հիմնված ԱԻ-ի ազդեցությանը, ուստի մոտ ապագայում մեծ փոփոխություններն ավելի քիչ հավանական են։

Առաջին տվյալները դուրսմղման պարզ օրինաչափություն չեն ցույց տալիս

ԱԻ-ի առաջին հետևանքները, հավանաբար, կարտահայտվեն առաջադրանքների, աշխատանքային գործընթացների և հմտությունների պահանջների փոփոխությամբ՝ նախքան մասնագիտությունների համատարած վերացումը։ Իրոք, ԱԻ-ի փաստացի կիրառությունն արդեն ավելի բարձր է ավտոմատացման ավելի մեծ ռիսկ ունեցող մասնագիտություններում։ Առավել ռիսկային մասնագիտություններում ChatGPT‑ի օգտագործումը մոտ երեք անգամ ավելի տարածված է, քան ընդհանուր աշխատուժի շրջանում։

Սակայն գործազրկության վերջին փոփոխությունները հստակ չեն համընկնում ԱԻ-ի տեխնիկական ազդեցության հնարավորությունների հետ։ 2024 թվականի առաջին եռամսյակից ի վեր գործազրկությունն ավելի շատ է աճել ԱԻ-ի ազդեցությանը քիչ ենթակա որոշ մասնագիտություններում, քան այն մասնագիտություններում, որոնք շրջանակը դասում է ԱԻ-ի ամենաբարձր ռիսկի խմբին։ Սակայն սա չի ապացուցում, որ ԱԻ-ն աշխատաշուկայի վրա ազդեցություն չունի։ Ըստ մասնագիտությունների գործազրկությունը բազմաթիվ գործոնների ազդեցությունն է արտացոլում։ Որոշ փոփոխություններ կարող են նախ դրսևորվել աշխատանքի ընդունման, սկսնակների հնարավորությունների, աշխատավարձերի կամ աշխատանքի բովանդակության մեջ, այլ ոչ թե կրճատումներով։

Ավելի լավ ուղենիշ քաղաքականության համար

ԱԻ-ն աշխատանքի համար մեկ անխուսափելի ապագա չի կանխորոշում։ Տեխնիկական հնարավորությունները կարևոր են, բայց կարևոր են նաև ինստիտուտները, սպառողական պահանջարկը, բիզնեսի որոշումները, կարգավորումը և մարդու մասնակցության մնայուն արժեքը։ Այս զեկույցում առաջարկվող փոփոխության վերլուծական շրջանակը հուշում է, որ տարբեր մասնագիտությունների համար քաղաքականության տարբեր միջոցներ կպահանջվեն։ 

  • Ավտոմատացման բարձր ռիսկով աշխատանքների համար կարող են անհրաժեշտ լինել վաղ նախազգուշացման համակարգեր, հարմարվելու նպատակային աջակցություն և տեղական պայմաններին համապատասխան անցումային ծրագրեր։ 

  • Վերակազմակերպման ենթակա աշխատանքների համար կարող են պահանջվել նորացված ուսուցում, մասնագիտական չափանիշներ, հաստիքների համալրման կանոններ և մարդկային վերահսկողության ավելի հստակ պահանջներ։ 

  • Աճի ներուժ ունեցող աշխատատեղերին կարող է նպաստել ԱԻ-ի ներդրումը խրախուսող, ծառայությունների հասանելիությունն ընդլայնող և ավելի շատ աշխատողների՝ ոլորտ մուտք գործելուն պատրաստող քաղաքականությունը։

Բոլոր խմբերի համար քաղաքականություն մշակողներին անհրաժեշտ են իրական ժամանակում հասանելի ավելի որակյալ տեղեկություններ։ Աշխատանքի ավանդական վիճակագրությունն արժեքավոր է, բայց հաճախ չափազանց դանդաղ է թարմացվում՝ առաջադրանքների, գործատուների սպասելիքների և տեխնոլոգիաների օգտագործման փոփոխություններն արտացոլելու համար։ Զբաղվածության տվյալները համադրելով ԱԻ-ի կարողությունների և փաստացի ներդրման ցուցանիշների հետ՝ կարելի է ավելի ժամանակին պատկերացում կազմել, թե որտեղ է ճնշում կուտակվում։