OpenAI հիմնադրամի թարմացում
Նոր ռեսուրսներ ու աճող թիմ ներգրավելով՝ աշխատում ենք կենսաբանական գիտությունների, ԱԲ-ի կայունության և համայնքային ոլորտներում։
Անցած աշնանը OpenAI-ը հայտարարեց իր վերակապիտալիզացիայի մասին, որպեսզի զգալի ռեսուրսների հասանելիություն ապահովի OpenAI հիմնադրամի համար։ Այսօր մենք ներկայացնում ենք, թե ինչպես է Հիմնադրամը սկսում գործի դնել այդ աջակցությունը։
Մեր առաքելությունն է ապահովել, որ արհեստական ընդհանուր բանականությունը օգտակար լինի ողջ մարդկությանը։ Սա բազմաշերտ նախաձեռնություն է։
Արհեստական բանականությունն արդեն փոխում է մարդկանց աշխատանքի, սովորելու և բուժօգնություն ստանալու ձևը։ Այն ունի արտասովոր առավելությունների դուռը բացելու ներուժ՝ բժշկության մեջ բեկումնային ձեռքբերումների ավելի արագ տեմպ, արագացված գիտական հայտնագործություններ, առողջապահության և կրթության ոլորտներում ավելի անհատականացված ծառայություններ, ստեղծարարության և գյուտարարության նոր գործիքներ, ավելի բարձր արտադրողականություն և տնտեսական աճ, բարելավված հանրային ծառայություններ, օրինակ՝ տրանսպորտային համակարգեր, և շատ ավելին։ Այս ներուժի նկատմամբ մեր հավատն ուղեկցում է OpenAI-ին դրա հիմնադրման օրվանից ի վեր։
Սակայն մարդկությանն օգուտ բերելու համար հզոր համակարգերի ստեղծումը մեր առաքելության միայն մի մասն է։ Առաջադեմ ԱԲ մոդելները նաև նոր մարտահրավերներ են առաջ բերելու, որոնք արդեն սկսում են ի հայտ գալ, և այդ մարտահրավերները հաղթահարելու համար մենք պետք է պատրաստ լինենք բացահայտել դրանք և լուծումներ մշակել։
Սրանք այն երկու ուղղություններն են, որոնց համար մենք ստեղծում ենք Հիմնադրամը։ Մեր նպատակն է հնարավորոր դարձնել ԱԲ-ի օգտագործումը՝ մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրների լուծումները գտնելու, մարդկանց հնարավորությունների սահմանները վերափոխելու և մարդկանց կյանքում իրական օգուտներ բերելու համար, ինչպես նաև գործընկերների հետ ջանասիրաբար աշխատելով՝ միաժամանակ պատրաստ լինելու նոր մարտահրավերներին և օգնելու հասարակությանը հարմարվել ԱԲ-ի առաջընթացին ու զարգացմանը։
Այս աշխատանքը նոր է սկսվում։ Հաջորդ տարվա ընթացքում, մեր գործունեության արագ ընդլայնմանն ընդառաջ, Հիմնադրամն ակնկալում է առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում անել կենսաբանական գիտությունների, տնտեսական հնարավորությունների, անվտանգության և համայնքային ծրագրերի ոլորտներում։ Սա կլինի մեր հանձնառած նախնական 25 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրման առաջին քայլը։
Առաջիկա ամիսներին մենք կկիսվենք այս ոլորտներից յուրաքանչյուրում կատարված թարմացումներով, քանի որ կառուցում, սովորում և կատարելագործում ենք մեր մոտեցումը և նոր դրամաշնորհների ու ծրագրերի միջոցով առաջ մղում մեր առաքելությունը։
Մենք սկսում ենք «Կենսաբանական գիտություններ և հիվանդությունների բուժում» ոլորտից, որտեղ, մեր կարծիքով, արհեստական բանականությունը հսկայական ներուժ ունի՝ արագացնելու գիտական և բժշկական առաջընթացը՝ կյանքեր փրկելու և բարելավելու համար։ Մենք արդեն տեսնում ենք այս ոլորտներում ԱԲ կարողությունների բազմաթիվ վաղ նշաններ։ Հետազոտողներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ հիվանդություններն ավելի լավ հասկանալու, դրանց կանխարգելման և բուժման նոր եղանակներն ուսումնասիրելու և գաղափարները տեսականից գործնական փուլի ավելի արագ հասցնելու համար։
Հիմնադրամում մենք նույնականացրել ենք ուշադրության սկզբնական երեք ոլորտ, որտեղ, մեր կարծիքով, այս աշխատանքը կարող է իրական հեղափոխություն անել․
- ԱԲ-ն Ալցհայմերի դեմ. Ալցհայմերի հիվանդությունն ամենադժվար և ամենասրտաճմլիկ հիվանդություններից մեկն է, որոնց բախվում են ընտանիքները, և բժշկության ամենաբարդ խնդիրներից մեկը։ ԱԲ-ի՝ բարդ տվյալների շրջանակներում տրամաբանելու ունակությունը կարող է օգնել հետազոտողներին բացահայտել նոր պատկերացումներ։ Մենք համագործակցելու ենք առաջատար հետազոտական հաստատությունների հետ՝ սկզբնական փուլում կենտրոնանալով հիվանդությունների զարգացման մեխանիզմների բացահայտման, կլինիկական խնամքի և փորձարկումների համար կենսանշանների հայտնաբերման, ինչպես նաև բուժումների անհատականացման արագացման վրա՝ ներառյալ, հնարավորության դեպքում, ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից արդեն հաստատված դեղանյութերի նոր կիրառությունների որոնումը։
- Հանրային տվյալներ՝ առողջության համար. բժշկության ամենամեծ առաջընթացներից շատերը հնարավոր են դարձել համօգտագործվող գիտական տվյալների շնորհիվ, և տվյալների հանրային հասանելիությունը կարևոր է՝ գիտական ոլորտում ԱԲ-ի բեկումնային ձեռքբերումների խոստումն իրականություն դարձնելու համար։ Մենք կօգնենք գործընկերներին ստեղծել և ընդլայնել բաց, բարձրորակ տվյալների բազաներ, իսկ, որտեղ նպատակահարմար է, պատասխանատու մոտեցում ցուցաբերելով, նաև բացել նախկինում փակ տվյալների բազաները, որպեսզի հետազոտողները ամենուր կարողանան արդյունավետ կերպով օգտվել արհեստական բանականությունից և տվյալներից՝ տարբեր հիվանդությունների ոլորտում առաջընթաց գրանցելու նպատակով։
- Բարձր մահացություն և ծանր հետևանքներ ունեցող հիվանդությունների ոլորտում առաջընթացի արագացում. մենք հավատում ենք, որ ԱԲ-ն կարող է նպաստել գիտական բեկումնային ձեռքբերումներ ունենալուն և կրճատել բուժումների ստեղծման կամ գոյություն ունեցող բուժումների վերակիրառման ծախսերն ու ռիսկերը, հատկապես բարձր մահացություն և ծանր հետևանքներ ունեցող հիվանդությունների ոլորտում, որոնք բավարար չափով չեն ֆինանսավորվում։ Մենք համախմբելու ենք ԱԲ հետազոտողներին և հիվանդությունների մասնագետներին՝ սկսելով նպատակային աշխատաժողովից՝ պարզելու, թե ինչպես լավագույնս զինել գիտնականներին ԱԲ գործիքներով և ի հայտ բերել խոստումնալից հնարավորություններ։
Ջեյքոբ Թրեֆեթենը կղեկավարի այս աշխատանքը՝ որպես կենսաբանական գիտությունների և հիվանդությունների բուժման բաժնի ղեկավար։ Նա մեզ մոտ է գալիս Coefficient Giving-ից, որտեղ վերահսկել է գիտության և առողջության ոլորտների համար նախատեսված ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհների հատկացումը։
Արհեստական բանականությունը կփոխի աշխատանքի և տնտեսության բնույթը՝ բերելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։ Մենք գիտակցում ենք, որ սա խիստ կարևոր է։ Հիմնադրամը սկսել է համագործակցել փորձագետների և համայնքների՝ քաղաքացիական հասարակության, փոքր բիզնեսների սեփականատերերի, արհմիությունների, առաջատար տնտեսագետների, քաղաքականություններ կազմող մասնագետների և այլոց հետ՝ այս ոլորտում գործնական լուծումներ մշակելու և ֆինանսավորելու նպատակով։ Մենք մտադիր ենք զգալի ռեսուրսներ տրամադրել ամենախոստումնալից մոտեցումներին և առաջիկա շաբաթների ընթացքում կկիսվենք մանրամասներով։
Ինչպես նախկինում հայտարարվել էր, արհեստական բանականության կայունությունը ևս կլինի մեր հիմնական ծրագրերից մեկը։ Այս աշխատանքը կկենտրոնանա նոր մարտահրավերների վրա, որոնք անխուսափելիորեն ծագում են ավելի կարողունակ ԱԲ-ից և հնարավորություն կտա մարդկանց ԱԲ-ից լիարժեքորեն օգտվելու այնպես, որ ԱԲ-ն նպաստի մարդկային գործունակության, ստեղծարարության և հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանը։
Սկզբում մենք կկենտրոնանանք մի քանի ոլորտների վրա, որտեղ ազդեցության առաջացրած մտահոգություններն արդեն ակնհայտ են, և որտեղ, մեր կարծիքով, վաղ փուլում կատարված աշխատանքը կարող է էական փոփոխություն բերել՝
- Արհեստական բանականության ազդեցությունը երեխաների և երիտասարդների վրա. մենք ուզում ենք օգնել ապահովել ԱԲ գործիքների անվտանգությունը երիտասարդների համար, ինչպես նաև նպաստել առողջ զարգացմանը։ Դա ներառում է տվյալների վրա հիմնված հետազոտությունների և գնահատման ոլորտում ներդրումներ անելը, ինչպես նաև տարբեր ոլորտների միջև համագործակցությունը՝ բացահայտելու համապատասխան պաշտպանական միջոցները, որոնք ապահովում են արհեստական բանականության և երեխաների ու երիտասարդների միջև անվտանգ և շահավետ փոխազդեցությունները։
- Կենսաանվտանգություն․ մենք ուզում ենք ուժեղացնել հասարակության՝ հավանական կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարելու պատրաստվածությունը, որոնք կարող են բռնկվել թե՛ բնական ճանապարհով, թե՛ հնարավոր դառնալ ԱԲ-ի միջոցով Դա ներառում է հայտնաբերման, կանխարգելման և մեղմացման մեխանիզմների բարելավումը։
- ԱԲ մոդելի անվտանգություն. մենք ուզում ենք, որ ԱԲ համակարգերն ի սկզբանե ավելի անվտանգ լինեն։ Դա նշանակում է աջակցել անկախ փորձարկումներին և գնահատումներին, մշակել ոլորտի նոր և ավելի ուժեղ ստանդարտներ, ինչպես նաև ֆինանսավորել հիմնարար հետազոտությունները, որոնք օգնում են կանխել անվտանգության խնդիրները կամ հայտնաբերել և լուծել դրանք վաղ փուլում։
OpenAI-ի համահիմնադիր Վոյցեխ Զարեմբան միանում է Հիմնադրամին՝ որպես ԱԲ կայունության ղեկավար՝ այս աշխատանքը ղեկավարելու նպատակով։
Շուտով կհայտարարենք նախնական People-First AI Fund-ից տրամադրվող դրամաշնորհների վերջին փուլը, ինչպես նաև ավելի մանրամասն կներկայացնենք, թե ինչ է հաջորդելու։
Այս աշխատանքի միջոցով, որը մեկնարկել է մեր Ոչ առևտրային հանձնաժողովիառաջարկությամբ, մենք նկատել ենք, որ համայնքային կազմակերպություններն ամենալավ դիրքում են՝ օգնելու մարդկանց կողմնորոշվել ԱԲ-ով պայմանավորված փոփոխություններում։ Բարձր վստահություն վայելող այս խմբերն ամենամոտն են համայնքներին, որոնց ծառայում են, և առաջնորդում են տեղում իրականացվող կարևոր աշխատանքը։
Մենք կշարունակենք ներդրումներ կատարել համայնքներին աջակցող նախաձեռնություններում, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց հասկանալ արհեսատական բանականությունը, օգտվել դրա հնարավորություններից և հարմարվել դրա բերած փոփոխություններին։
Վոյցեխին և Ջեյքոբին կմիանան այլք, որպեսզի կարողանանք մեր աշխատանքն իրականացնել ավելի մեծ մասշտաբներով։
Աննա Մականձյուն թիմին է միանում որպես Քաղաքացիական հասարակության և մարդասիրական ոլորտում արհեստական բանականության ղեկավար՝ առաջնորդելու ԱԲ-ի կիրառմամբ ոչ առևտրային կազմակերպություններին, ՀԿ-ներին և մարդասիրական հաստատություններին օգնելու Հիմնադրամի աշխատանքը, որպեսզի դրանք արագացնեն ու ընդլայնեն իրենց ազդեցությունը։ Աննան նախկինում OpenAI-ում զբաղեցրել է գլոբալ ազդեցության գծով փոխնախագահի պաշտոնը։
Ռոբերտ Քայդենը միանում է թիմին որպես ֆինանսական գծով գլխավոր տնօրեն։ Ռոբերտը նախկինում զբաղեցրել է ավագ ղեկավար պաշտոններ Deloitte-ում, Twitter-ում և Inspirato-ում։ Նա կօգնի ապահովել, որ մեր աճին զուգընթաց Հիմնադրամը գործի ուժեղ ֆինանսական կարգապահությամբ։
Ջեֆ Առնոլդը միանում է որպես գործառնական տնօրեն։ Ջեֆը OpenAI-ի ամենահին անդամներից է։ Նա իր կարիերան նվիրել է ընկերություններ ստեղծելուն և մասշտաբավորելուն, այդ թվում՝ Oracle-ում և Dropbox-ում զբաղեցրած ղեկավար պաշտոններում։ Նա կօգնի կառուցել գործառնական համակարգեր, որոնք անհրաժեշտ են Հիմնադրամի նպատակներին աջակցելու համար։
Հիմնադրամի խորհուրդը գործադիր տնօրեն է փնտրում։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք համալրել թիմը։
Մենք դեռևս ԱԲ-ի անհավանական հնարավորությունները բացահայտելու սկզբնական փուլում ենք։
Մենք պետք է համոզվենք, որ այս տեխնոլոգիաները մարդկանց կյանքում իրական առաջընթաց են բերում․ սա ինչպես հնարավորություն է, այնպես էլ պատասխանատվություն։ Մենք արագ կսովորենք, սերտորեն կհամագործակցենք գործընկերների հետ և ներդրումներ կկատարենք այնպիսի լուծումներում, որոնք կարող են լայնորեն կիրառվել և էական փոփոխություններ բերել։
Մեր նպատակն է ավելի շատ մարդկանց օգնել լուծել ամենաբարդ խնդիրները, ավելի լավ կերպով հոգ տանել իրենց սիրելի մարդկանց համար և կերտել լիարժեք կյանքի պայմաններ, որոնք նախկինում անհասանելի էին։
Մենք ոգևորված ենք առաջիկայում սպասվելիք աշխատանքով և եկող ամիսներին ավելի շատ մանրամասներով կկիսվենք։
Հեղինակ
1 Նախկինում «Առողջություն և հիվանդությունների բուժում» անվամբ հայտնի այս ծրագիրը վերանվանվել է «Կենսաբանական գիտությունների»․ Հիմնադրամն այս կերպ ընգծում է, որ կարևորում է կենսաբանության և բժշկական հետազոտությունների առաջխաղացումը՝ որպես հիվանդությունների բուժման անկյունաքար։


