OpenAI

15 նոյեմբերի, 2026 թ.

Գիտություն

Գիտության մասին մեր նոր բլոգը

Մենք գործարկում ենք OpenAI-ի գիտական բլոգը, որպեսզի գիտնականներն ու ակադեմիական հետազոտողները հարթակ ունենան՝ պատմելու, թե ինչ են բացահայտում ԱԲ-ի օգնությամբ և ինչպես են աշխատում։ Մեր առաքելությունն է ապահովել, որ AGI-ն օգուտ բերի ողջ մարդկությանը, իսկ գիտական բացահայտումներն արագացնելն այդ նպատակին հասնելու ամենաազդեցիկ ուղիներից մեկն է։

Ինչ ենք հրապարակելու

Մենք հրապարակելու ենք գիտական ամենատարբեր ոլորտների աշխատանքներ, այդ թվում՝

  • Հետազոտություններ և բացահայտումներ․ գիտական նոր արդյունքներ և ընթացիկ հետազոտությունների մասին նորություններ՝ OpenAI-ից, մեր գործընկերներից և գիտական ավելի լայն համայնքից։

  • Մեթոդներ և գործնական ուղեցույցներ․ օրինակներ, թե ինչպես են գիտնականներն օգտագործում մեր մոդելները գիտական հաշվարկների, տվյալների վերլուծության, գրականության ուսումնասիրության և փորձերի պլանավորման համար։ Մենք ներկայացնելու ենք մոտեցումներ, որոնք ուրիշները կարող են հարմարեցնել իրենց կարիքներին՝ նաև բացատրելով, թե ինչպես ստուգել աշխատանքը, և ինչ սահմանափակումներ ունի տվյալ մեթոդը։

  • Գիտական համայնքի տեսակետները․ ԱԲ օգտագործող հետազոտողների անձնական փորձը՝ ինչ են սովորում, և ինչպես են այս հնարավորություններն ազդում իրենց գիտական ոլորտների վրա։ Կքննարկենք նաև գիտական աշխատանքի վերաբերյալ բաց հարցերը և այն, թե ինչպես այս գործիքներն օգտակար դարձնել ավելի շատ մարդկանց համար։

Գիտությունն ընդլայնում է աշխարհի մասին մեր պատկերացումները և հնարավոր դարձնում առաջընթացը՝ ավելի արդյունավետ դեղամիջոցներից մինչև էներգիայի նոր աղբյուրներ։ Այդ ձեռքբերումներից շատերը սկսվում են հիմնարար հարցերից, որոնց գործնական նշանակությունը պարզ է դառնում միայն տարիներ անց։

Վերջին ամիսներին տեսնում ենք, որ ընդլայնվում է գիտական խնդիրների շրջանակը, որոնց լուծմանը կարող են նպաստել մեր մոդելները։ Սեպտեմբերին OpenAI-ի ներքին համակարգերից մեկը ստացավ Նավիե–Ստոքսի լուծումների գոյության և ողորկության խնդրին վերաբերող ապացույց⁠․ սա հեղուկի շարժումը նկարագրող հավասարումների մասին վաղուց բաց մնացած հարց է։ Հոկտեմբերի սկզբին մենք հրապարակեցինք մաթեմատիկական արդյունքների լայն շրջանակ⁠։ Դրանց թվում էր Ռիմանի քվազիվարկածին⁠(բացվում է նոր պատուհանում) վերաբերող արդյունք, որն ավելի խիստ սահման է տալիս տրված թվից փոքր պարզ թվերի քանակը գնահատող դասական բանաձևի սխալի համար։ Նույն ամսվա ավելի ուշ մենք ներկայացրինք մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ֆիզիկայի արդյունքներ⁠՝ ալիքների կենտրոնացման, արդյունավետ հաշվարկների սահմանների և փոխազդող քվանտային դաշտերի տեսության մաթեմատիկական հիմքերի վերաբերյալ։

Կենսաբանության մեջ հետազոտողներն ԱԲ-ն օգտագործում են տվյալների բարդ հավաքածուները վերլուծելու, տարբեր ոլորտների արդյունքների միջև կապեր գտնելու և լաբորատորիայում ստուգելու համար նոր վարկածներ մշակելու նպատակով։ PerturbAI-ի և Scripps Research-ի հետ համատեղ աշխատանքի⁠ շրջանակում GPT‑Rosalind-ի հիմքով գործող հազարավոր գործակալներ 32 րոպեում վերլուծեցին մկան ուղեղի միլիոնավոր բջիջների վերաբերյալ առկա փորձարարական տվյալները։ Գեների աշխատանքի խաթարման հետևանքները կապելով գիտական գրականության տվյալների հետ՝ նրանք բացահայտեցին հնարավոր կենսաբանական մեխանիզմներ, որոնք գիտնականները կարող են ստուգել։ Հետազոտողները նաև սեփական մոտեցումներն են մշակում․ Սեսար դե լա Ֆուենտեի թիմն օգտագործում է ChatGPT‑ն և Codex-ը⁠՝ ալգորիթմներ ստեղծելու համար, որոնք հայտնաբերում են հակաբիոտիկ դառնալու ներուժ ունեցող մոլեկուլներ։ Այնուհետև թիմը դրանք սինթեզում և փորձարկում է լաբորատորիայում։

Այս կարողությունները նոր հնարավորություններ են բացում և փոփոխություններ բերում գիտական աշխատանքում։ Մաթեմատիկայում ապացույցներ ստեղծող համակարգերը հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչպես են նոր հիմնավորումները ստուգվում, բացատրվում և ներառվում ոլորտի գիտելիքների մեջ։ Փորձարարական գիտություններում ավելի շատ վարկածների ուսումնասիրությունը և՛ հնարավորություններ է ստեղծում, և՛ դժվարություններ առաջացնում՝ որոշելիս, թե որ փորձերն արժե իրականացնել։ Տարբեր ոլորտների հետազոտողները դիտարկում են այս գործիքների նշանակությունը մասնագետների պատրաստման, հեղինակային ներդրման ճանաչման և իրենց աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների տեսանկյունից։ Ազդեցությունը տարբեր ոլորտներում տարբեր կլինի, և գիտական համայնքները պետք է մասնակցեն այս գործիքների օգտագործման ձևերի մշակմանը։

Հուսով ենք՝ այս բլոգը կօգնի ավելի շատ մարդկանց հասկանալ, թե ինչպես է ԱԲ-ն փոխում գիտությունը, և ինչպես կարող են իրենք այն օգտագործել՝ նոր հարցեր ուսումնասիրելու և սեփական բացահայտումներն անելու համար։

  • 2026

Հեղինակ

OpenAI