OpenAI

18 նոյեմբերի, 2026 թ.

Բանականության դարաշրջան

Լուռ համաձայնությունը

Հեղինակ՝ Դին Բոլ

Հեղինակի նշումը. Այսօրվա էսսեն մշակված է այն դասախոսության հիման վրա, որը հեղինակը վերջերս կարդացել է Հարվարդում՝ Վիք-Բեյլի դասախոսությունների շարքի շրջանակում։ Այս հրապարակումն արտացոլում է հեղինակի անձնական տեսակետները, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն OpenAI-ի կամ դրա մյուս աշխատակիցների տեսակետների հետ։



Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Մինչ մենք խոսում ենք, կիբեռանվտանգության պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է ծավալվում. հրապարակվում են անվտանգության մի շարք խիստ վտանգավոր խոցելիություններ, ինչն ոմանք անվանում են «Սև հոկտեմբեր»։ Համացանցի առանցքային ենթակառուցվածքների որոշ հատվածներում այս խոցելիությունները հայտնաբերել են առաջադեմ ԱԲ համակարգերը, իսկ դրանց հրապարակումը ծրագրային ապահովման անվտանգությունն ամբողջ աշխարհում ամրապնդելու հրատապ ջանքերի մի մասն է։ Այս ամսվա հրատապ խնդիրը սա է. հաջորդ ամիս մեկ ուրիշը կլինի։ Ծրագրային խոցելիությունների հայտնաբերումը երկակի նշանակության այն կարողությունն է, որին ԱԲ համակարգերը հասել են այսօր։ Բայց շուտով կհայտնվի մեկ ուրիշը՝ առաջ բերելով նոր հրատապ նախաձեռնություն՝ այդ կարողությունն ի բարին գործածելու համար, նախքան չարամիտները կօգտագործեն այն վնասելու նպատակով։ Այս բոլոր հրատապ խնդիրներն անխուսափելիորեն կհամընկնեն ժամանակի մեջ, և այն, ինչ այսօր անվանում ենք «ԱԲ քաղաքականություն», հավանաբար մեծ մասամբ կձևավորվի այս իրարանցման մեջ։

Բայց այսօր եկել եմ ձեզ հետ խոսելու ոչ թե հրատապ արձագանք պահանջող խնդիրների մասին։ Փոխարենը ուզում եմ խոսել այն մասին, թե լայն հեռանկարում ուր կարող են մեզ տանել այս զարգացումները։ Հրատապ խնդիրների նման տարափի տակ դժվար է մտածել այս ավելի վերացական ու առօրյայից կտրված հարցերի մասին։ Բայց այս հարցերը կարևոր են։ Առանց պատկերացնելու, թե հեռավոր ապագայի որ տարբերակներին ենք ցանկանում հասնել, իսկ որոնցից՝ խուսափել, կարող ենք վերջում ստանալ մեզ համար անցանկալի ընդհանուր արդյունք, նույնիսկ եթե ճանապարհի ամեն քայլափոխին իմաստուն որոշումներ կայացնենք։

Հաճախ ասում են, թե տեխնոլոգիական ոլորտը չունի դրական տեսլական այն մասին, թե իր ստեղծածը մեզ ուր կտանի։ Համաձայն չեմ. Սան Ֆրանցիսկոն և ձեռնարկատիրության մյուս կենտրոնները լի են մեր տեխնոլոգիական ապագայի դրական տեսլականներով։ Մարդիկ իսկապես ստեղծում են թռչող մեքենաներ, ինքնավար փոխադրամիջոցներ, տարբեր չափերի ու ձևերի ռոբոտներ, միջուկային միաձուլման տեխնոլոգիաներ և, իհարկե, արհեստական ընդհանուր բանականություն։ Մեզ պակասում է մեր ինստիտուցիոնալ ապագայի դրական տեսլականը. ինչպե՞ս է այս ամենը գործելու։

Սակայն դա չի նշանակում, թե ապագայի ինստիտուցիոնալ տեսլական ընդհանրապես չկա։ Ցավոք, այն տեսլականը, որին ամենից հաճախ եմ հանդիպում, դրական չէի անվանի։ Երբ այն ընդհանրապես արտահայտվում է, սովորաբար՝ շշուկով։ Բայց ավելի հաճախ այն մնում է չասված, հասկանալի՝ միայն ակնարկներից։ Ես դա անվանում եմ լուռ համաձայնություն։

Պատկերացրեք մի ընկերություն, որը գրեթե ամեն ինչ կարող է անել առանց մարդկային աշխատանքի։ Դրա ԱԲ համակարգերը հետազոտություններ ու մշակումներ են կատարում, հայտնագործություններ անում, պայմանագրեր բանակցում, կապիտալ բաշխում և արտադրանք թողարկում։ Ենթադրենք՝ այս ամենն ընկերությունն ավելի լավ է անում, քան իր մարդ մրցակիցները, նույնիսկ երբ այդ մարդիկ ԱԲ-ի օգնությամբ ուժեղացնում են իրենց աշխատանքը։ Եթե մարդկանց մասնակցությունը միայն դանդաղեցնում է բիզնեսի աշխատանքը, ապա ղեկավարներն ու սեփականատերերը լուրջ շարժառիթ կունենան ձեռքերը ղեկից հեռացնելու։ Եթե սա տեղի ունենա ողջ համաշխարհային տնտեսությունում, շուկայական մրցակցության տրամաբանությունը մարդկանց կմղի հրաժարվելու համաշխարհային առևտրում իրենց առաջնությունից։ Ժամանակի ընթացքում շուկան կարող է սկսել սպասարկել մեքենաների պահանջները նույնքան կամ նույնիսկ ավելի շատ, որքան մարդկանց պահանջներն ու ցանկությունները։

Թե դրանից հետո ինչ կլինի, կարելի է միայն գուշակել։ Գուցե մարդիկ դրանից հսկայական օգուտ քաղեն։ Եթե մեզ իրենց ենթակայության տակ առած մեքենաները բարձր գնահատեն մարդուն ինքնին, մենք կարող ենք օգտվել դրանց աշխատանքից և ստեղծած հարստությունից։ Կամ գուցե, զրկվելով տնտեսական և հետզհետե նաև քաղաքական իշխանությունից, մենք՝ մարդիկս, աշխարհում գնալով պակաս դեր կունենանք և ավելի քիչ կկարողանանք ազդել համաշխարհային իրադարձությունների ընթացքի վրա։ Գուցե փոքրաթիվ մարդիկ արտասովոր իշխանություն ու հարստություն ունենան՝ ազդեցությունից զրկված լայն զանգվածների հաշվին, կամ գուցե բոլորս էլ արժանանանք իշխանությունից զրկվելու նույն ճակատագրին։ Անկախ մանրամասներից՝ այս տարբերակները միավորող և լուռ համաձայնությունը ձևավորող ընդհանուր գիծը մեզ ծանոթ աշխարհում մարդու առաջնության ավարտն է։

Այս սցենարներից ոչ մեկը չի պահանջում, որ ԱԲ-ն ապստամբի իր ստեղծողների դեմ։ Պարտադիր չէ նաև, որ դրա սեփականատերերը ցանկանան մարդկանց զրկել իշխանությունից։ Լիազորություններ պատվիրակելու յուրաքանչյուր որոշում առանձին վերցրած կարող է հիմնավոր լինել։ Սակայն միասին այդ որոշումները կարող են հանգեցնել մի աշխարհի, որտեղ մարդիկ հրաժարվել են մեր քաղաքակրթության զգալի մասի նկատմամբ իրական իշխանությունից։ Նույնիսկ եթե արտասովոր առաջընթաց գրանցենք ԱԲ-ի անվտանգության և մարդկային նպատակներին դրա համապատասխանեցման խրթին հարցերում, միևնույն է՝ կարող ենք հայտնվել նոր տեսակի մեքենայական էակի հպատակության տակ։ Ըստ լուռ համաձայնության՝ ապագայի երջանիկ տարբերակում այդ էակը բարի կլինի՝ մի մեքենա, որն ի սրտե հոգ է տանում մարդկանց լավագույն շահերի մասին։ Ինչպես Բրոտիգանի բանաստեղծության մեջ՝ սիրով ու շնորհով լի մի մեքենա։

Լուռ համաձայնությունը մեզ ասում է, որ այս մեքենաներին ենք հանձնելու մեր ընկերությունների և ավելի ու ավելի շատ՝ մեր կառավարման հաստատությունների բանալիները։ Դրանք կկառավարեն ավելի արդյունավետ ու խնայողաբար, ավելի մեծ իմաստությամբ և ավելի ճիշտ դատողությամբ, քան մենք՝ մարդիկս, երբևէ կարող ենք։ Եվ այդպես ժամանակի ընթացքում ձեռքերը կհեռացնենք ղեկից ու կթողնենք, որ սիրող մեքենաները վարեն։ Կլինենք մեքենայի ուղևորների պես՝ շատ լավ մեքենայի, գուցե նյութական առումով ավելի լավը, քան այսօր կարող ենք երազել, բայց, միևնույն է, ուղևորներ, որոնք չեն վերահսկում, թե ուր է գնում մեքենան։ Եթե էլ աշխատենք, դա հիմնականում մի տեսակ ծես կամ դերախաղ կլինի՝ ավելի շատ մեր տեսակը զվարճացնելու համար նախատեսված խաղ։

Որոշ դիտորդներ կպնդեն, որ լուռ համաձայնությունը հիմնված է սխալ նախադրյալի վրա, քանի որ մենք՝ մարդիկս, այսօր էլ աշխարհը չենք վերահսկում։ Եվ արժե այս քննադատությունը մտքում պահել. չկա միասնական «մենք», որը որոշում է՝ ինչ անել։ Մեզ դուր է գալիս դա, թե ոչ, մենք ապրում ենք խիստ ապակենտրոնացված աշխարհում։ Սակայն այս հանգամանքը նույնպես չպետք է մեզ հանգստացնի. թեև «մենք» աշխարհը չենք «վերահսկում», մարդիկ հավաքականորեն առաջնություն ունեն համաշխարհային գործերում։ Կենդանական ոչ մի տեսակ ռեսուրսների վերահսկման հարցում մեզ հետ լուրջ մրցակցության մեջ չի մտնում։ Պետք է մերժենք այն մակերեսային գաղափարը, թե մարդիկ կարող են վերևից վար վերահսկել աշխարհը։ Բայց դա մերժելը չպետք է շփոթենք ակնհայտ իրականությունը ժխտելու հետ. մարդիկ հավաքականորեն Երկրի գլխավոր դերակատարն են։

Լուռ համաձայնությունը բարձրաձայնելու պատրաստ որոշ մարդիկ կարծում են, որ այն իսկապես լավ ապագա է նկարագրում։ Մյուսներն այդպես չեն կարծում, բայց հաշտվել են դրա անխուսափելիության հետ։ Լուռ համաձայնությունը համաձայնություն է ոչ այն պատճառով, որ բոլորը դա լավ են համարում, և ոչ էլ այն ԱԲ ստեղծող մարդկանց գաղտնի ծրագիրն է։ Համաձայնությունը պարզապես այն է, որ համաշխարհային գործերում մարդու առաջնության կորուստն անխուսափելի է, կամ առնվազն շատ դժվար է պատկերացնել ապագայի այլ տեսլական, որն իսկապես կենսունակ կմնա գերբանական մեքենաների առկայության պայմաններում։ Մարդը կարող է անկեղծորեն դեմ լինել այդ ելքին և միաժամանակ դժվարանալ պատկերացնել հավանական այլընտրանքային տեսլական։ Ամեն ինչ մատնում է հենց այն փաստը, որ համաձայնությունը հիմնականում լուռ է, լավագույն դեպքում՝ կիսաձայն արտահայտված։

Ես արհամարհում եմ լուռ համաձայնությունը։ Մերժում եմ մարդու առաջնությունից հրաժարվելը։ Ատում եմ անխուսափելիության այդ զգացումը։ Ինքս ինձ հիշեցնում եմ, որ չէի կարողանա նայել փոքրիկ որդուս գեղեցիկ աչքերին, եթե հնազանդվեի լուռ համաձայնությանը։ Ուստի լուռ համաձայնությանը ես ասում եմ՝ ոչ։ Եվ կարծում եմ՝ եկել է լուռ համաձայնության մասին բացահայտ խոսելու ժամանակը, ժամանակը՝ սթափվելու և դադարելու գրեթե ակամա ընդունել այս տեսլականը։

Խնդիրն այն է, որ լուռ համաձայնությունը հենց այնպես չէ համաձայնություն դարձել։ Դժվար է նկարագրել, թե ինչպես մարդիկ կմնան ղեկին՝ իրենց անհամեմատ գերազանցող մեքենայական բանականության կողքին։ Դա նկարագրելու փորձերի մեծ մասը հենվում է այն փաստարկի վրա, թե ԱԲ-ն ընդամենը գործիք է՝ օրինաչափություններ ճանաչող միջոց, որն ունակ չէ «իսկական ըմբռնման»։ Վախենում եմ՝ այս փաստարկները չեն դիմանա գալիք իրականությանը։ Վախենում եմ, որ դրանք էլ ինքնահանգստացման մի ձև են՝ հիմնականում ԱԲ-ի հնարավորությունների ժխտման վրա հիմնված դիրքորոշում, այլ ոչ թե մարդկանց առաջնորդությամբ ապագայի կառուցողական տեսլականից բխող համոզմունք։ Չի կարելի ասել, թե ԱԲ համակարգերը զուրկ են «իսկական ըմբռնումից», երբ դրանք սկսում են առաջընթաց գրանցել մտավոր այնպիսի խնդիրներում, որոնց լուծումները տասնամյակներ ու դարեր շարունակ անհասանելի են եղել մարդկանց։

Այդ դեպքում ինչո՞ւ եմ կարծում, որ մարդիկ պետք է պահպանեն առաջնությունը։ Պարզ պատասխանն այն է, որ ես մարդ եմ և, այո՛, մարդկային գերակայության համոզված կողմնակից եմ ու դրա համար ներողություն չեմ խնդրում։

Բայց կա նաև ավելի խորքային պատճառ։ Մեր առաջնությունը հիմնված չէ մեր մտավոր կարողությունների կամ ապագայում «իսկական ըմբռնման» մեր մենաշնորհն անվերջ պահպանելու վրա։ Մեր առաջնությունը հիմնված է մեր անցյալի վրա։

Որովհետև մենք ենք ցեխից դուրս ելել։ Մենք ենք հողից ու քարից կերտել նախնադարյան հասարակությունը։ Մենք ենք հայացքներս հառել աստղերին ու հարցրել՝ ինչո՞ւ։ Մենք՝ մեր կռիվներով ու սիրով, մեր նախանձով ու ուրախությամբ, բացահայտել ենք բարոյականությունը, էթիկան ու իրավունքը։ Մենք ենք երգել ու պարել, գրել ու երաժշտություն հորինել։ Մենք ենք կերտել պատմությունը, և մենք ենք այն գրել։ Այդ ժառանգությունը մերն է։ Մեր կառուցած քաղաքակրթությունը մի բոց է, որը մենք ենք վառ պահել, և այդ բոցը մեզ է պատկանում։ Մեր անցյալը փառավոր ժառանգություն է, որի պահապանները մենք բոլորս ենք։ Այդ պատասխանատվության մի մասն էլ մեր մասնակցությունն է նրան, ինչ Մայքլ Օուքշոթն անվանել է «մարդկության զրույց»՝ այն մեծ գործին, որը սկսվել է նախնադարում։

Այդ երկար ու ոլորապտույտ անցյալի ընթացքում մենք կերտել ենք մի քաղաքակրթություն, որի ամերիկյան տարբերակի հիմքում ի սկզբանե դրված էին անհատի իրավունքները և հարգանքը այն ուղիների հանդեպ, որոնք մեզնից յուրաքանչյուրն ինքն է հարթում աշխարհում իր ճանապարհն անցնելիս։ Մարդկանց կյանքը կարող է լավ կամ վատ ընթանալ. մենք քաղում ենք մեր իմաստուն որոշումների պտուղները և կրում հետևանքները, երբ սխալվում ենք։ Սեփական ճանապարհով գնալու իրավունքը կախված չէ ամենախելացին կամ ամենաիմաստունը լինելուց։ Ես չեմ կորցնում քաղաքացու իմ կարգավիճակը միայն այն պատճառով, որ հարևանս ավելի լավ է դատում։ Չեմ տեսնում որևէ պատճառ, որ ավելի խելացի մեքենայի հայտնվելը նույնպես պետք է վերացնի այդ կարգավիճակը։ Ընդհակառակը՝ բոլոր հիմքերը տեսնում եմ, որ թույլ չտանք դա։

Ոմանք կարող են պնդել, որ մեքենաները, կարդացած լինելով այս ժառանգության գրեթե ամբողջ գրավոր վկայությունը, նույնպես ժառանգորդներ են։ Եվ ինչ-որ իմաստով այդպես է։ Բայց ձեր տան ձեղնահարկում պահվող բոլոր նամակները կարդացած մարդը դրանով ձեր ընտանիքի անդամը չի դառնում։ ԱԲ համակարգերը կմիանան մարդկության զրույցին՝ սկզբում որպես դիտորդներ, ապա ավելի ու ավելի՝ որպես մասնակիցներ։ Բայց դրանք չպետք է իշխեն այդ զրույցում կամ այն անիմաստ դարձնեն։ Առաջնությունը զիջելը դավաճանություն է թե՛ մեր նախնիների, թե՛ մեր սերունդների հանդեպ։ Եթե հանուն սրա չարժե պայքարել, ուրեմն ոչնչի համար չարժե։

Ես, սակայն, կարծում եմ, որ լուռ համաձայնության կողմնակիցները սխալվում են այն հարցում, թե ինչպիսին կլինի մեքենայական գերբանականությունը։ Կարծում եմ՝ նրանք աշխարհի գործելակերպի մի կարևոր հանգամանք են անտեսում՝ բանականությունը նույնացնելով իշխանության հետ։ Եթե հինգ կամ տասը տարի առաջ լուռ համաձայնության կողմնակցին նկարագրեիք թեկուզ այսօրվա ԱԲ համակարգերի հնարավորությունները, նա հավանաբար կկանխատեսեր, որ գործազրկությունն այժմ շատ ավելի բարձր կլիներ, քան իրականում է, իսկ մարդկանց՝ իշխանությունից ու ազդեցությունից զրկվելու ընդհանուր գործընթացը շատ ավելի առաջ գնացած կլիներ։ Կարծում եմ՝ մարդկանց հավաքական բանականությունն ու կարողությունները շատ ավելի մեծ են, քան ենթադրում են լուռ համաձայնության կողմնակիցները, և մեր հասարակությունները նրանց կանխատեսածից ավելի դիմացկուն կլինեն։

Բայց գուցե սխալվում եմ։ Հնարավոր է, օրինակ, որ լիովին ինքնավար ընկերությունները պարզապես մրցակցությունից ամբողջությամբ դուրս մղեն մարդկանց ձեռնարկությունները։ Եվ եթե այդպես լինի, տնտեսության անողոք տրամաբանությունը կթելադրի ավելի ու ավելի շատ կապիտալ հանձնել մեքենաներին։ Այդպիսի ապագայում մարդկանց իշխանազրկման համար պետք չէ, որ մեքենաները տապալեն մարդկային քաղաքակրթությունը. բավական է, որ կապիտալիստական ձեռնարկատիրության տրամաբանությունը շարունակի գործել նույն թափով։ Այս դեպքում ԱԲ հեղափոխության ամենամոտ նմանակը կլինի գյուղատնտեսական հեղափոխությունը, երբ արտադրության նոր եղանակներն արմատապես փոխեցին մարդկային հասարակության կառուցվածքը։ Բնավ ակնհայտ չէ, որ այս վերափոխումը հաճելի էր այն վերապրած մարդկանց համար։ Ավելին՝ ծանրակշիռ վկայություններ կան, որ այն հազարամյակներով վատթարացրեց մարդկանց բարեկեցությունը։

Չգիտեմ՝ արդյոք մեզ այս ապագան է սպասում, և այլ առիթներով էլ հիմնավորել եմ, թե ինչու չեմ կարծում, որ այդպես կլինի։ Բայց գործընկերներիցս շատերը՝ խելացի, հոգատար և բարեխիղճ մարդիկ, կարծում են, որ մեր ապագան, հավանաբար, այսպիսին կլինի։ Եթե նրանք ճիշտ են, լուռ համաձայնության դեմ մեր պայքարն առավել դժվար է լինելու։ Ստիպված կլինենք լողալ տնտեսական հոսանքին հակառակ և այդ ընթացքում մերժել շատ բաներ, որոնք դոգմա են ինձ նման դասական լիբերալ անհատապաշտների համար։ Սա վտանգավոր ձեռնարկում կլինի, որի ձախողումը բնավ անհավանական չէ։ Բայց եթե հանուն սրա չարժե պայքարել, ուրեմն ոչնչի համար չարժե։

Առաջնությունը պահպանելը նշանակում է պահպանել մարդկանց և մարդկային հաստատությունների հաշվետվողականությունը։ Սա նշանակում է, որ ԱԲ մշակողները պետք է պատասխանատվություն կրեն, երբ մշակումն իրականացնում են ոչ անվտանգ եղանակներով։ Բայց նաև նշանակում է, որ ԱԲ օգտագործող մարդիկ ու ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն, երբ վնասի պատճառը նրանց կողմից սխալ օգտագործումը կամ վերահսկողության պակասն է։ Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն օրենքներ, այլև հաշվետվողականությունն ապահովող տեխնիկական ենթակառուցվածք։ Պետք է հնարավոր լինի գործակալների գործողությունները կապել նրանց համար պատասխանատու մարդկանց հետ։ Իսկ որևէ մարդու հետ չկապված գործակալները, եթե ընդհանրապես թույլատրվի նրանց մասնակցել օրինական տնտեսությանը, պետք է գործեն պաշտպանական սահմանափակումների ներքո։ Գործակալներին ինքնուրույն ընկերություններ հիմնելու, գույք ունենալու կամ դատական վեճերի մասնակցելու հնարավորությունը պետք է տրվի բացառիկ զգուշությամբ, եթե առհասարակ տրվի։

Իսկ իմ ոլորտում կարող ենք սկսել լրջորեն մտածել, թե ինչպես ստեղծել խելացի մեքենաներ, որոնք համատեղելի կլինեն մարդու առաջնության հետ։ Կարող ենք ստեղծել գործակալներ, որոնց թույլտվությունները հասկանալի ու սահմանափակ են, գործողությունները՝ ստուգելի, իսկ լիազորությունները օգտատերերը կարող են հետ վերցնել։ Ուրիշների վրա էական ազդեցություն ունեցող գործողությունների համար հաշվետվողականությունը պարտադիր չէ, որ ենթադրի առօրյա մասնավոր կյանքի վերահսկում կամ անանուն արտահայտվելու հնարավորության վերացում։ Կարող ենք պարտավորվել պաշտպանել օգտատերերի գաղտնիությունն ու իրենց թվային սեփականության և տվյալների նկատմամբ անհատական ինքնիշխանությունը՝ ներառյալ այդ տվյալներն այլ տեղ տեղափոխելու գործնական հնարավորությունը։ Կարող ենք նախագծել համակարգեր, որոնք մարդկանց օգնում են հասկանալ և որոշումներ կայացնել, ինչպես նաև համակարգեր, որոնք կատարում են առաջադրանքներ։ Եվ կարող ենք ստուգել՝ արդյոք մեր ստեղծած պրոդուկտներն օգտատերերին ավելի կարողունակ են դարձնում աշխարհում գործելու համար։

Այս ամենը դեռ գերմարդկային բանականության առկայությամբ հասարակություն կառուցելու ամբողջական ծրագիր չէ։ Ես չէի վստահի որևէ մեկին, ով կպնդեր, թե նման ծրագիր ունի։ Բայց սրանից կարելի է սկսել։

Ապագան պատված է թանձր մշուշով։ Բայց մենք այսօր էլ կարող ենք գործել։ Միասին կարող ենք, նախ և առաջ, բարձրաձայն խոսել լուռ համաձայնության մասին, լույս սփռել դրա ուրվագծերի վրա։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է արմատապես ընդլայնել իր հավակնությունների շրջանակը։ Կարող ենք թույլ չտալ, որ ԱԲ-ն սահմանափակի մեզ, և փոխարենը ստանձնել մեր հնարավորությունները դրա օգնությամբ ընդլայնելու դժվարին գործը։ Կարող ենք սովորել ավելի ու ավելի համարձակ հարցեր տալ, նոր եռանդով ու անզիջում հաստատակամությամբ բացահայտել աշխարհը՝ այդ գործում օգտագործելով մեր հզոր մեքենաները։ Կարող ենք դառնալ նոր տեսակի մարդ՝ ոչ թե տրանսմարդ, այլ ընդլայնված հնարավորություններով մարդ։

Այս մասին եմ մտածում, երբ նայում եմ փոքրիկ որդուս։ Չեմ ցանկանում, որ նա պարզապես ապրի բարեգութ մեքենաների հոգածության ներքո, որքան էլ հարմարավետ կյանք դրանք ապահովեն։ Ուզում եմ, որ նա ժառանգի մի աշխարհ, որտեղ կկարողանա տալ հարցեր, որոնք ոչ մեկի մտքով չեն անցել, ստեղծել բաներ, որոնք ոչ ոք չի մտածել ստեղծել։ Չեմ ուզում, որ նա պարզապես ավելի լավ մեքենա ունենա՝ ուղևորի ավելի փափուկ նստատեղով։ Ուզում եմ, որ ղեկը նրա ձեռքում լինի։

  • 2026

Հեղինակ

Dean Ball