OpenAI

6 նոյեմբերի, 2026 թ.

Ապահովություն

Համագործակցություն Hacktron-ի հետ՝ OpenAI-ի համակարգերի խոցելիությունները գտնելու համար

Բեռնվում է…

Այսօր հայտարարում ենք Hacktron-ի հետ համագործակցության մասին՝ OpenAI-ի համակարգերում խոցելիություններ գտնելու նպատակով։ Մեր ինժեներներն ու Hacktron-ի անվտանգության հետազոտողները համատեղ փորձարկման համար կընտրեն առաջնահերթ ոլորտներ՝ կենտրոնանալով արտաքին ծառայությունների հետ մեր համակարգերի փոխգործակցության վրա։ Այս համագործակցության շրջանակում Daybreak Red-ի միջոցով Hacktron-ին ավելի լայն հասանելիություն ենք տալիս մեր առաջադեմ մոդելներին։

Առաջադեմ ԱԲ-ի օգնությամբ կիբերպաշտպանությունն արագացնելու մեր ջանքերին զուգահեռ՝ նույն հրատապությամբ աշխատում ենք նաև սեփական համակարգերի խոցելիությունները գտնելու և վերացնելու ուղղությամբ։ Այս շաբաթվա սկզբին հայտարարեցինք, որ անվտանգության ստուգման հաջորդ ինտենսիվ փուլում Cathedral-ի հետազոտողները կաշխատեն մեր թիմերի հետ։ Մենք նաև ավելացրել ենք խոցելիությունների հայտնաբերման համար տրվող պարգևավճարները՝ անկախ հետազոտողներին ավելի մեծ խթան տալով փնտրելու այն խոցելիությունները, որոնք մեր փորձարկումները գուցե բաց են թողել։

Hacktron-ին ծանոթացանք անվտանգության խոցելիությունների հայտնաբերման պարգևատրման մեր ծրագրի միջոցով։ Մեզ տպավորեց, թե որքան էական ազդեցություն կարող էին ունենալ նրանց հետազոտողների հայտնաբերած և մեզ հաղորդած խոցելիությունները։ Թիմը ստեղծում է ԱԲ գործակալներ՝ կոդի վերանայման, ներթափանցման փորձարկման և նախափորձարկման համար։ Նրանց հետազոտությունները⁠(բացվում է նոր պատուհանում) բացահայտել են խոցելիություններ հավելվածների, ամպային ենթակառուցվածքի և ինքնության կառավարման համակարգերի փոխգործակցության մեջ։ Նրանց աշխատանքը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ անվտանգության ինժեներներն իրենց լուծումները կառուցում են ԱԲ-ի շուրջ՝ ավելի արագ աշխատելու և ավելի հավակնոտ հետազոտություններ ձեռնարկելու համար։

Քանի որ ԱԲ գործակալները ծառայությունները կապում են նոր եղանակներով, հմտությունների այդ համադրությունն ավելի արժեքավոր է դառնում։ Hacktron-ի հետ աշխատանքը կօգնի մեզ ավելի խորությամբ փորձարկել այդ կապերը և ձեռք բերած գիտելիքներն օգտագործել մեր պաշտպանությունն ամրապնդելու համար։

“Կիբերանվտանգության ապագան կձևավորեն ոչ թե անվտանգության ամենամեծ թիմերն ունեցողները, այլ նրանք, ովքեր կկարողանան լավագույնս համադրել մարդկային ստեղծարարությունը ԱԲ-ի ընձեռած հնարավորությունների հետ։

OpenAI-ը լավ օրինակ է ծառայում՝ անվտանգության հետազոտողներին տրամադրելով կիբերանվտանգության առաջադեմ մոդելներ։ Դրանք օգնում են բացահայտել բարդ խոցելիությունները փոխկապակցված համակարգերի միացման կետերում։

Ուրախ ենք խորացնել OpenAI-ի հետ համագործակցությունը՝ հարձակողական անվտանգության մեր փորձը համադրելով նրանց առաջադեմ մոդելների հետ։ Այդպես կօգնենք ապահովել թե՛ OpenAI-ի, թե՛ ծրագրային ապահովման ավելի լայն էկոհամակարգի անվտանգությունը։”
— Զեյն Չժան, Hacktron-ի գլխավոր գործադիր տնօրեն

Մենք երախտապարտ ենք Hacktron-ին և մյուս անկախ հետազոտողներին, որոնք ժամանակ են հատկացնում թույլ կողմերը գտնելուն և դրանց մասին հաղորդելուն՝ օգնելով ամրապնդել մեր բոլոր օգտատերերի անվտանգությունը։ Ծրագրում ընդգրկված համակարգերին ծանոթանալու կամ հայտնաբերված խոցելիության մասին հաղորդելու համար այցելեք անվտանգության խոցելիությունների հայտնաբերման պարգևատրման մեր ծրագրի⁠(բացվում է նոր պատուհանում) էջը։