Ինչպես է ԱԲ-ն ընդլայնում մարդկանց կատարած աշխատանքի շրջանակը
OpenAI Economic Research-ի նոր՝ «Աշխատանք առաջադեմ սահմանագծում» շարքը ցույց է տալիս, թե աշխատողներն ինչպես են անցնում իրենց դերերի ավանդական սահմաններից դուրս։
ԱԲ-ն փոխում է մարդկանց կատարած աշխատանքը։ ԱՄՆ-ում բնակվող ChatGPT‑ի օգտատերերի ավելի քան 800 000 հաղորդագրությունների մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատանքին վերաբերող հաղորդագրությունների 16,8%-ը և մասնագիտությանն առնչվող հաղորդագրությունների 43,5%-ը վերաբերում են այլ մասնագիտությունների։
Փոքր բիզնեսի սեփականատերը կարող է ինքնուրույն գովազդային տեքստ գրել, պայմանագիր ուսումնասիրել կամ պարզ ֆինանսական վերլուծություն կատարել։ Վաճառքի մասնագետը կարող է ԱԲ-ի օգնությամբ ուսումնասիրել հաճախորդների տվյալների բազան, որը նախկինում գուցե հանձնարարվեր վերլուծաբանին։ Մարքեթինգի մասնագետը կարող է վերացնել կայքի անսարքությունը՝ չսպասելով ծրագրավորողին։ Յուրաքանչյուր դեպքում ԱԲ-ն փոխում է ոչ միայն աշխատանքի կատարման եղանակը, այլև այն, թե ով ինչ է անում։
Մեր նոր՝ Աշխատանք առաջադեմ սահմանագծում. ինչպես է ԱԲ-ն ընդլայնում մարդկանց աշխատանքի շրջանակը զեկույցն ուսումնասիրում է այս փոփոխությունը։ Այս ձևավորվող օրինաչափությունն անվանում ենք առաջադրանքների փոխանցում մասնագիտությունների միջև՝ երբ պատմականորեն մի մասնագիտության հետ կապված աշխատանքն ի հայտ է գալիս այլ մասնագիտություն ունեցող մարդկանց` ԱԲ-ի օգտագործման մեջ։ Մեր ԱԲ-ի ազդեցությամբ աշխատատեղերի փոփոխության շրջանակում(բացվում է նոր պատուհանում) նշում ենք, որ բազմաթիվ աշխատատեղեր հավանաբար կվերակազմակերպվեն. խոսքն այն աշխատանքների մասին է, որոնց առօրյա առաջադրանքները կարող են էապես փոխվել։ Այս զեկույցը մեր նոր՝ Աշխատանք առաջադեմ սահմանագծում շարքի առաջին հրապարակումն է։ Շարքն իրական ժամանակում ուսումնասիրում է, թե ԱԲ-ն ինչպես է փոխում աշխատանքը։
Աշխատանքի աշխարհի փոփոխություններին հետևելու մեր բացառիկ հնարավորությունն օգտագործելով՝ քաղաքականության և գործելակերպի համար ուղենիշ ծառայելու նպատակով պարբերաբար կներկայացնենք տվյալների ու փաստերի վրա հիմնված դիտարկումներ։
ԱԲ-ի և աշխատանքի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ ելակետ են ընդունում տվյալ մասնագիտությանը վերաբերող առաջադրանքների հաստատուն ցանկը և պարզում՝ արդյոք մոդելները կարող են դրանք կատարել։ Մեր տվյալները ցույց են տալիս, որ ԱԲ-ն փոխում է նաև այն, թե ով որ առաջադրանքն է ստանձնում։
Մասնագիտությունների միջև առաջադրանքների անցումը չափելու համար նախ առանձնացնում ենք որոշակի մասնագիտության հետ կապված աշխատանքը բազմաթիվ մասնագիտություններում հանդիպող աշխատանքից։ Որոշ գործողություններ, օրինակ՝ գրելը, ամփոփելը և ժամանակացույց կազմելը, այնքան լայնորեն են տարածված տարբեր մասնագիտություններում, որ չեն կարող անցման վկայություն համարվել։ Դրանք դասակարգվում են որպես ընդհանուր։ Մնացած հաղորդագրությունների դեպքում պարզում ենք՝ առաջադրանքն օգտատիրոջ մասնագիտության շրջանակո՞ւմ է, թե՞ դրանից դուրս։ Ոչ ընդհանուր հաղորդագրությունների 43,5%-ը դուրս է օգտատիրոջ մասնագիտության շրջանակից։ Սա նախնական պատկերացում է տալիս, թե ԱԲ-ն ինչպես կարող է վերափոխել աշխատատեղերի առաջադրանքների կազմը՝ նախքան այդ փոփոխությունները կարտացոլվեն աշխատանքի նկարագրություններում կամ պաշտոնների անվանումներում։
Սա վկայում է, որ աշխատանքի նպատակով ChatGPT‑ի օգտագործման զգալի մասը կապված է օգտատերերի դերերի ընդլայնման հետ։ Այս օրինաչափությունը հատկապես ակնհայտ է մի քանի խմբում։ Ընդհանուր աշխատանքը բացառելուց հետո այլ մասնագիտություններին վերաբերող առաջադրանքները կազմում են՝
- հաճախորդների սպասարկման մասնագետների՝ մասնագիտությանը հատուկ հաղորդագրությունների 77%-ը
- դիզայներների հաղորդագրությունների 75%-ը
- մարդկային ռեսուրսների մասնագետների հաղորդագրությունների 69%-ը
- իրավական ոլորտի մասնագետների հաղորդագրությունների 56%-ը
- մարքեթինգի մասնագետների հաղորդագրությունների 53%-ը
Այս մասնագիտությունները նման առաջադրանքներ «փոխառում» են այլ դերերից։ Տվյալները վկայում են աշխատանքի բաժանման փոփոխության մասին. որոշ գործողություններ, որոնք նախկինում պահանջում էին գործը փոխանցել մեկ ուրիշին, այժմ կարող է կատարել հենց այն մարդը, որն առաջինն է բախվում այդ խնդրի հետ։
Ստորև բերված ջերմային քարտեզը ցույց է տալիս մասնագիտական սահմանների միջև առաջադրանքների անցումը՝ պարզելով, թե յուրաքանչյուր ոչ ընդհանուր հաղորդագրություն որ մասնագիտության աշխատանքին է առավել բնորոշ։ Մարքեթինգային և ինժեներական առաջադրանքներն ամենալայն տարածումն ունեն՝ հաճախ հանդիպելով այդ ոլորտներից դուրս աշխատող մարդկանց հաղորդագրություններում։
Մասնագիտություններից առանձին առաջադրանքների մակարդակ անցնելիս տեսնում ենք, որ առաջադրանքների խաչաձևումը հավասարաչափ չի բաշխվում։ Ֆինանսական հաշվարկներն ու տեխնոլոգիական խնդիրների լուծումը վերլուծված մյուս յոթ մասնագիտական խմբերից յուրաքանչյուրում երեք ամենատարածված արտաքին առաջադրանքների շարքում են։ Մարքեթինգային աշխատանքը նույնպես լայն տարածում ունի: Մարքեթինգային նյութերի ստեղծումը հանդիպում է հինգ այլ խմբում և հատկապես տարածված է դիզայնի ոլորտի օգտատերերի շրջանում։
Առաջադրանքների ավելի լայն խմբերի դիտարկումը բացահայտում է խաչաձևման երկու տարբեր ուղղություն։ Որոշ մասնագիտություններ այլ ոլորտներից բազմաթիվ առաջադրանքներ են ներառում։ Մյուսները տարբեր մասնագիտություններում հանդիպող առաջադրանքների աղբյուր են դառնում։
Առաջին օրինաչափության օրինակ է դիզայնը։ Դիզայներների հաղորդագրությունների մոտ 35,2%-ը վերաբերում է սովորաբար այլ մասնագիտության հետ կապված աշխատանքին, մինչդեռ դիզայնի առաջադրանքները կազմում են այլ ոլորտների աշխատողների հաղորդագրությունների ընդամենը 1,7%-ը։ Դիզայներները լայնորեն օգտվում են այլ ոլորտների առաջադրանքներից, սակայն դիզայներական աշխատանքը հազվադեպ է հանդիպում այլուր։
Ինժեներական ոլորտում պատկերը գրեթե հակառակն է։ Ինժեներական բնույթի հաղորդագրությունների միայն 18,5%-ն է վերաբերում այլ ոլորտների առաջադրանքներին, մինչդեռ ինժեներական ոլորտի առաջադրանքները կազմում են այլ մասնագիտությունների աշխատողների հաղորդագրությունների 7,4%-ը։ Ինժեներական առաջադրանքները կարևոր աղբյուր են այլ մասնագիտական խմբերի մարդկանց համար` ծրագրային խնդիրների լուծումից մինչև տեխնիկական համակարգերի հետ աշխատանք։
Մարքեթինգն առանձնանում է առաջադրանքնրի խաչաձևման երկու ուղղություններով էլ։ Մարքեթինգի մասնագետների հաղորդագրությունների 24,3%-ը նվիրված է այլ մասնագիտություններին բոնորոշ առաջադրանքներին, իսկ մարքեթինգային ոլորտի առաջադրանքները կազմում են այլ ոլորտների աշխատողների հաղորդագրությունների 8,9%-ը՝ ընտրանքում մասնագիտությունից դուրս տարածման ամենաբարձր ցուցանիշը։ Մարքեթինգի մասնագետները համատեղում են տարբեր ոլորտների առաջադրանքներ, իսկ մարքեթինգային աշխատանքը լայնորեն տարածվում է նաև ամբողջ կազմակերպությունում։
Բիզնեսի չափն ու կառուցվածքը պայմանավորում են, թե ԱԲ-ն ինչպես է փոխում աշխատանքը։ Խոշոր ընկերությունում աշխատակիցներին կարող են հասանելի լինել մասնագիտացված թիմեր, ձևավորված աշխատանքային գործընթացներ և ներքին ծառայություններ։ Ավելի փոքր կազմակերպությունում խնդրի հետ անմիջականորեն առնչվող աշխատակիցն ավելի հավանական է, որ այն լուծի ինքնուրույն, այլ ոչ թե պատվիրակի մեկ ուրիշին։
Միջին ակտիվության օգտատերերի շրջանում այլ մասնագիտությունների առաջադրանքների բաժինը 2-5 օգտատեր ունեցող աշխատանքային տարածքներում գրանցված 18,9%-ից նվազում է մինչև 16,3%՝ ավելի քան 100 օգտատեր ունեցող տարածքներում։ Ամենաակտիվ օգտատերերի շրջանում նույն միօրինակ միտումը չենք տեսնում։
Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ փոքր կազմակերպությունների չափավոր ակտիվ օգտատերերը դիմում են ԱԲ-ին, երբ բախվում են աշխատանքի, որն այլապես այլ գործառույթի ներգրավում կպահանջեր։ Իսկ ակտիվ օգտատերերը գուցե ձևավորել են ԱԲ-ի աջակցությամբ կայուն աշխատանքային գործընթացներ, որոնք տարբեր կազմակերպություններում ավելի նման են, կամ ավելի ինտենսիվ են օգտագործում ԱԲ-ն իրենց հիմնական մասնագիտության շրջանակում։
ԱԲ-ն կարող է հատկապես օգտակար լինել որպես բազմագործառույթ գործիք այն միջավայրերում, որտեղ մասնագիտական ռեսուրսները սակավ են։
ԱԲ-ի օգտագործման այսպիսի տվյալները ցույց են տալիս, թե որտեղ է փոխվում աշխատանքը։ Դրանք թույլ են տալիս տեսնել, թե ԱԲ-ն ինչպես է աշխատողներին հնարավորություն տալիս փորձարկել գործողությունների նոր համակցություններ՝ նախքան ընկերությունները կվերաշարադրեն աշխատանքի նկարագրությունները կամ նոր պաշտոնների անվանումներ կստեղծեն։ Այս իմաստով օգտագործման օրինաչափությունները կարող են մասնագիտական փոփոխությունների վաղ ազդակ տալ, որոնք աշխատանքի շուկայի ավանդական վիճակագրությունը կարտացոլի միայն ավելի ուշ։


