Ինչպես է Chime-ը վերաիմաստավորում մարքեթինգն ԱԲ-ի միջոցով
Զրույց Վինիթ Մեհրայի՝ Chime-ի մարքեթինգի գծով գլխավոր տնօրենի հետ։

Chime-ն առաջատար ֆինանսական տեխնոլոգիական ընկերություն է, որը լուծում է միլիոնավոր սովորական մարդկանց ծախսերի, խնայողությունների, իրացվելիության և վարկավորման հետ կապված խնդիրները։
Մենք զրուցել ենք Chime-ի մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Վինիթ Մեհրայի հետ այն մասին, թե ինչպես է տեխնոլոգիան նպաստում մարքեթինգի ոսկեդարին, ինչպես են մարքեթոլոգները զարգացնում ԱԲ գրագիտությունը և ինչպես է ԱԲ-ի ընդունումը խթանվում վերևից։
Որպես տարբեր ոլորտներում մարքեթինգային թիմեր ղեկավարելու փորձ ունեցող մարդ՝ ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է զարգացել մարքեթինգի և մարքեթինգի գծով տնօրենների դերը։
Մենք մտնում ենք արհեստական բանականության և մարքեթինգի ագենտայնացման դարաշրջան․ սա մարքեթինգի գծով տնօրենների համար պարադիգմային հաջորդ փոփոխությունն է։ ԱԲ-ն պարզապես ևս մեկ գործիք չէ․ այն վերաիմաստավորում է մարքեթինգի գործառնական մոդելը։ Ավանդական արշավակենտրոն կառուցվածքն իր տեղը զիջում է ագենտային մոդելին, որտեղ ԱԲ ագենտները գործում են որպես բրենդը ներկայացնող գործիքներ՝ իրական ժամանակում հարմարվելով, մեծ մասշտաբով անհատականացում ապահովելով և ծախսերը օպտիմալացնելով աննախադեպ ճշգրտությամբ։ Այս ագենտներն արմատապես կվերաձևավորեն մարքեթինգային կազմակերպությունների կառուցվածքը՝ կատարողականության շուրջ կառուցված թիմերից անցում կատարելով դեպի արհեստական բանականությամբ կառավարվող համակարգերը կարգավորող ճկուն թիմեր, որոնք անընդհատ սովորում և կատարելագործվում են։ Սա, շատ առումներով, ամենաբարենպաստ դիրքն է մարքեթինգի գծով տնօրենների համար, որպեսզի իրականացնեն իրենց հիմնական առաքելությունը՝ կապիտալը բաշխեն այնպես, որ արդյունավետ աճը հասնի առավելագույնի։ Այժմ մարտահրավերը արագությունն է․ մարքեթինգի գծով տնօրենները պետք է արագ հարմարեցնեն իրենց կազմակերպությունները, կարողությունները և որոշումների կայացման գործընթացները, որպեսզի լիարժեքորեն օգտվեն այս նոր պարադիգմից։ Ապագան պատկանում է նրանց, ովքեր կարող են արագ կատարել այդ փոփոխությունը։
«ԱԲ-ին նայեք ոչ միայն որպես մարտավարական կամ առանձին առաջադրանքների համար նախատեսված գործիքի, այլ որպես մի ընդհանուր, բոլոր ուղղությունները կապող միջոցի, որը կարող է միավորել ժամանակակից դարաշրջանում անհրաժեշտ այս մարքեթինգային էկոհամակարգը»։
Դուք պնդել եք, որ մարքեթինգի գծով տնօրենները ոչ թե վտանգի տակ են, այլ մտնում են «մարքեթինգի ոսկե դարաշրջան»։ Ի՞նչ նկատի ունեք դրանով։
Կասկած չկա, որ մենք այժմ թևակոխում ենք մարքեթինգի ոսկե դարաշրջանը։ Ավելի քան երբևէ, մարքեթինգի գծով տնօրենները հնարավորություն ունեն ապահովելու շահութաբեր աճ՝ ավելի մեծ արդյունավետությամբ, քան պատմության որևէ այլ ժամանակաշրջանում։
Արհեստական բանականությունը քանդում է նաև բրենդային, արդյունավետության և կենսացիկլային մարքեթինգի միջև եղած ավանդական պատնեշը՝ օգնելով ստեղծել ավելի փոխկապակցված, հարմարվող մարքեթինգային մոդել։ Լայնածավալ անհատականացումը, որը երկար ժամանակ համարվել է հավակնոտ նպատակ, այժմ դառնում է գործառնական իրականություն ամրապնդումով ուսուցման շնորհիվ, որն արագորեն մեծացնում է փորձարկումների տեմպը։ Մարքեթոլոգներն այժմ կարող են փորձարկել, սովորել և օպտիմալացնել իրական ժամանակում՝ ամիսներ տևող գործընթացների վրա ծախսելով ընդամենը օրեր, ինչը մեզ թույլ է տալիս ազդեցության և արդյունքների հասնել ավելի արագ, քան երբևէ։ Միևնույն ժամանակ, ԱԲ-ով աշխատող ագենտները մարքեթինգային թիմերի համար կապահովեն աջակցության նոր մակարդակներ՝ կատարելով ռուտինային օպտիմալացումները, դուրս բերելով արժեքավոր օրինաչափությունները և ավտոմատացնելով իրականացումը, որպեսզի թիմերը կարողանան կենտրոնանալ ամենաբարձր արժեք ունեցող ռազմավարական և ստեղծագործական աշխատանքի վրա։
Այս դարաշրջանը հնարավորություն է տալիս բացահայտելու աճի հնարավորություններ, որոնք երբևէ չեն եղել։ Մարքեթինգի գծով տնօրենի դերը երբևէ այսքան ազդեցիկ չի եղել, իսկ իրական բիզնես աճ ապահովելու կարողությունը՝ այսքան վերահսկելի։ Ավելի շատ գործիքների, տվյալների և ԱԲ-ի վրա հիմնված վերլուծական հնարավորությունների շնորհիվ մարքեթոլոգներն այսօր առավել քան երբևէ կարող են ավելի խելամիտ որոշումներ ընդունել, ավելի արագ աշխատել և տևական ազդեցություն ունենալ։
ԱԲ-ի ներդրման ամենահաջող ռազմավարությունը հիմնվում է հստակ և կառուցվածքային մոտեցման վրա, որպեսզի ԱԲ-ն չդառնա պարզապես իրարից անջատ գործիքների շարք, այլ վերածվի միասնական համակարգի, որը մեծացնում է մարքեթինգի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Այն սկսվում է երեք հիմնական սկզբունքներից։
- ԱԲ-ի կիրառումը խրախուսեք հենց վերևից՝ ղեկավարության մակարդակից. դրա ներդրումը պարզապես տեխնոլոգիական որոշում չէ, այլ բիզնեսի վերափոխում։ Մարքեթինգի գծով գլխավոր տնօրենները պետք է առաջնորդեն փոփոխությունը․ մշակեն ռազմավարական ճանապարհային քարտեզ՝ հավաստիանալով, որ թիմերն ըմբռնում են ԱԲ-ի ներուժը և սահմանելով տեսլական, թե ինչպես պետք է ԱԲ-ն խթանի ստեղծարարությունն ու աճը։
- Սկսեք փոքրից և արագ ընդլայնեք․ ԱԲ-ի կիրառման ամենամեծ խոչընդոտներից մեկը ամեն ինչ միանգամից անելու կամ անմիջապես լիարժեք վերափոխման հասնելու գայթակղությունն է Իրականում ԱԲ-ն ուսուցման լավագույն արդյունքի հասնում է գործնական փորձարկումներով․ արագ հաջողությունները թափ են հաղորդում, ամրապնդում վստահությունը և արագացնում մասշտաբների մեծացումը։ Սկզբում ԱԲ-ն օգտագործում էինք պարզ խնդիրների՝ տեքստերը խմբագրելու և բարելավելու համար, հետո դրա կիրառությունը տարածեցինք նաև ստեղծագործական նյութերի պատրաստման, SEO-ի և իրական ժամանակում մեդիաարշավների օպտիմալացման վրա։ Արհեստական բանականության յուրաքանչյուր ներդրում պետք է ապահովի չափելի ազդեցություն՝ լինի դա արդյունավետության աճ, բովանդակության արտադրության արագություն, թե փոխակերպման ավելի բարձր ցուցանիշներ։
- ԱԲ-ի աշխատանքի որակն ուղիղ համեմատական է դրա ստացած մուտքային տվյալների որակին․ ԱԲ-ն ինքնուրույն չի աշխատում, այն արդյունավետ է այնքան, որքան արդյունավետ են դրան տրված տվյալներն ու պարամետրերը։ Մուտքագրվող տվյալների որակից է կախված ԱԲ-ի արտածումների որակը։ ԱԲ-ի կիրառման սկզբում նկատեցինք, որ անձնավորված առաջարկների մոդելներն ու կանխատեսվող արժեքի հիման վրա աշխատող գնառաջարկի մեխանիզմները լավ արդյունք չէին տալիս, մինչև չկատարելագործեցինք դրանց համար օգտագործվող տվյալները։ Նույն կերպ, ԱԲ-ի միջոցով մեր բովանդակության ստեղծումն ավելի արդյունավետ դարձավ, երբ պատրաստի լուծումներ օգտագործելու փոխարեն կառուցեցինք Chime-ի լավագույն արդյունք տված բովանդակությամբ ուսուցանված անհատական GPT մոդելը։ ԱԲ-ի կիրառությունն ընդլայնելու ընթացքում մարքեթինգի գծով տնօրենները պետք է առաջին հերթին կարևորեն տվյալների որակն ու մոդելների պատրաստվածությունը, որպեսզի այն ծառայի բիզնեսի նպատակներին և չսահմանափակվի միայն առանձին աշխատանքների ավտոմատացմամբ։
«Այս գործիքների աշխատանքի որակը [...] կախված է մարդու՝ դրանցից օգտվելու կարողությունից։ Ահա թե ինչու ներկայացրինք GPT-ները․ դա փոքրիկ հաջողություն էր՝ մարդկանց դրան սովորեցնելու համար։ Քիչ-քիչ, երբ նրանք ավելի ինքնավստահ են դառնում, սկսում են ասել. «Ես կարողացա սա անել, տեսնես է՞լ ի՞նչ կկարողանամ անել»»։
Ինչպե՞ս է ԱԲ-ն վերաձևավորում ձեր մարքեթինգի բաժնի աշխատանքը։
ԱԲ-ն վերափոխում է մեր մարքեթինգային թիմի աշխատանքը՝ օգնելով մեզ ավելի արագ գործել, ավելի հեշտ հարմարվել փոփոխություններին և ավելի ճշգրիտ աշխատել թե՛ բովանդակություն ստեղծելիս, թե՛ օպտիմալացնելիս, թե՛ արդյունքներից սովորելիս։ Chime-ում մենք արհեստական բանականությունը ներդրել ենք մարքեթինգի բազմաթիվ աշխատանքային հոսքերում՝ ապահովելու ավելի մեծ արդյունավետություն և ազդեցություն, ընդ որում՝ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենում երեք ոլորտներում.
- Ստեղծարարություն և արագություն. ԱԲ-ն արագացնում է բովանդակության ստեղծումը՝ առանց որակի կամ ապրանքանիշի ամբողջականությունը զոհաբերելու։ ԱԲ-ի օգնությամբ սթորիբորդների մշակման, տեսանյութերի ստեղծման և բովանդակության ավտոմատ պատրաստման շնորհիվ մենք նվազեցրել ենք արտաքին գործակալություններից կախվածությունը և ընկերության ներսում ձևավորել սեփական ԱԲ կարողություններ, որոնք բարձրացնում են ստեղծագործական արդյունքը և միաժամանակ նվազեցնում ծախսերը։ ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային հոսքերն այժմ մեզ թույլ են տալիս ավելի արագ ստեղծել ակտիվներ և գործարկել դրանք՝ շուկայում մեզ տալով ավելի մեծ ճկունություն։
- Մեդիա և հաճախորդի ամբողջ կենսաշրջանը ներառող մարքեթինգի օպտիմալացում իրական ժամանակում․ ԱԲ-ն մեզ օգնում է հրաժարվել ձեռքով արվող փորձարկումներից և անցնել ավտոմատ, իրական ժամանակում տեղի ունեցող որոշումների կայացման։ PMAX-ի և OfferFit-ի նման գործիքները ընթացիկ արդյունքների հիման վրա ճկուն կերպով փոխում են բյուջեի բաշխումը, հաղորդագրություններն ու հաճախորդի հետ շփման կետերը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր փոխգործակցություն լինի հնարավորինս ազդեցիկ։ Փոխանակ ապավինելու «մեկ անգամ կարգավորիր ու մոռացիր» սկզբունքով աշխատող արշավներին՝ ԱԲ-ն օգնում է մեզ մարքեթինգի արդյունքները տվյալ պահին անընդհատ ճշգրտել և բարելավել։
- Ավելի արագ ու խելացի պատկերացում հաճախորդների մասին․ ԱԲ-ն ոչ միայն օգնում է աշխատանքն ավելի լավ կատարել, այլև վերափոխում է մեր՝ հաճախորդներին հասկանալու և նրանց արձագանքելու ձևը։ ԱԲ-ի միջոցով կատարվող միտումների հայտնաբերումն ու վերաբերմունքի վերլուծությունը մեզ հնարավորություն են տալիս հաճախորդների մեծածավալ արձագանքները վերլուծել իրական ժամանակում։ Օրինակ՝ ԱԲ-ի օգնությամբ հաճախորդների արձագանքների մեր վերլուծությունն ամեն շաբաթ տալիս է կարևոր եզրահանգումներ, որոնք անմիջապես ձևավորում են թե՛ արտադրանքի, թե՛ մարքեթինգի ռազմավարությունը՝ օգնելով մեզ շարունակաբար հարմարվել մեր անդամների համար ամենակարևոր հարցերին։ Բացի այդ, մեր հետազոտական թիմը ստեղծել է հատուկ հարմարեցված GPT, որը գործում է որպես գիտելիքի ինտերակտիվ բազա․ այնտեղ օգտատերերը կարող են հարցեր տալ և պատասխաններ ստանալ արհեստականորեն մոդելավորված կերպարներից, որոնք ներկայացնում են մեր հիմնական թիրախային խմբերը։
«Մենք մշակել ենք մարքեթինգում ԱԲ-ի կիրառման մի շրջանակ, որն ընդհանուր կիրառելիություն ունի, բայց միաժամանակ յուրաքանչյուր մասնագետի տալիս է գործիքակազմ, որպեսզի նա կարողանա իր աշխատանքն ավելի լավ կատարել։ Կարծում եմ՝ դա իսկապես կարևոր է»։
Սակայն ԱԲ-ն միայն արագություն ապահովող գործիք չէ․ կարևոր է նաև դրա խելամիտ ու մտածված կիրառումը։ Մեր սովորած ամենամեծ դասն այն է, որ ԱԲ-ի աշխատանքի որակն ուղիղ համեմատական է դրա ստացած մուտքային տվյալների որակին։ Ինչպես նշվեց, մենք պարզեցինք, որ անձնավորված առաջարկների մոդելներն ու կանխատեսվող արժեքի հիման վրա աշխատող գնառաջարկի մեխանիզմները չէին գործում սպասվածի պես, մինչև չկատարելագործեցինք դրանց մատակարարվող տվյալների որակը։ Ահա թե ինչու մենք ստեղծեցինք Chime Content GPT‑ն՝ հատուկ ԱԲ մոդել, որը վարժեցվել է մեր ամենաարդյունավետ բովանդակության օգնությամբ՝ ապահովելով, որ ԱԲ-ի կողմից գեներացված յուրաքանչյուր արդյունք պահպանի մեր բրենդի ոճը, որակը և վստահելիությունը։
ԱԲ-ն արագ է զարգանում, և հաջողության հասնելու մեկ միասնական ուղեցույց չկա։ Ամենակարևորը ճկուն մնալն է, արագ փորձարկելը և թե՛ հաջողություններից, թե՛ անհաջողություններից սովորելը։ Այն ընկերությունները, որոնք ամենաարագն են շարժվում՝ միաժամանակ ապահովելով, որ արհեստական բանականությունը մտածված կերպով ուսուցանվի և ինտեգրվի, առավել շահեկան դիրքում կլինեն՝ խթանելու աճը այս նոր դարաշրջանում։
Ի վերջո, ամենակարևոր հմտությունը ոչ թե ԱԲ-ն է, այլ հետաքրքրասիրությունը։ ԱԲ-ն չի եկել քեզ փոխարինելու, սակայն եթե դու չզարգանաս, քեզ կփոխարինի մեկը, ով հասկանում է, թե ինչպես արդյունավետ կերպով օգտագործել ԱԲ-ն։ Լավագույն մարքեթոլոգները նրանք են, ովքեր մեկ քայլ առաջ կլինեն, շարունակաբար կսովորեն և արագ կգործեն։ Հարցը այն չէ, թե արդյոք ԱԲ-ն կփոխի մարքեթինգը, այլ այն, թե դու պատրա՞ստ ես փոխվել դրա հետ միասին։
Chime-ը ChatGPT‑ն օգտագործում է ողջ կազմակերպության բոլոր բաժիններում՝ ներառյալ օպերացիոն գործունեության, մարքեթինգի, ինժեներական, պրոդուկտի, վերլուծության և այլ բաժիններում։
OpenAI-ն աջակցում է աշխարհի 1 միլիոն բիզնես հաճախորդների՝ դառնալով պատմության մեջ ամենաարագ աճող բիզնես հարթակը։


